Գրանիշ գրական բլոգ
5Mar/102

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ / 2 էսսե

Սըտկացրեք

Պատուհանից ներս է թափանցում գազազած ամբոխի ոռնոցը։ Անգամ պաշտպանական հատուկ ապակին չի խլացնում մարդկային ծովի հզոր ոռնոցը, որն եկել է կրկին անգամ ամեն ինչ ավիրելու և անգամ ինձ սպանելու, եթե չկանգնեցվեն։
- Անշնորհակալ նախիր։ Ես ձեզ 10 տարի պատերազմից դուրս պահեցի, տնտեսություն զարգացրի, ես կյանքս դրեցի ձեր մեջ։ Անասուններ, եկել եք այսօր ինձ սպանելու՞, իմ սիրելիներին սպանելու՞: Եկել եք ինձ թույլ չտալու հանգիստ գնալ թոշակի ու հանձնել իշխանությունը՞։ Անասուննե՜ր։
- Պարոն գերագույն հրամանատար.
բացականչում է գեներալը ներս խուժելով:
- Կես ժամից ուշ կլինի, եթե հիմա մի բան չանենք ժողովուրդն ինքն իրեն կգրավի կառավարական շենքերն ու ոստիկանության բաժանմունքները։ Գազազել են։
- Սըտկացրեք.

4Mar/1013

ՏԱԹԵՎԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ / Ես սիրում եմ քեզ…

…ամպերի  մեջ կապույտ խաղաղություն է, իսկ հետո` Փարիզը,
ուր հայտնվում ես հրեշտակների հետ  չորս ու կես ժամ
խաղաղ զրույցից հետո… ես արագ հագնում եմ ազատության թևերը, միաժամանակ հիշելով իմ ու Հայկի վերջին խոսակցությունը Ֆեյսբուքում,
ու իմ խոստումը, թե ես այնքան էլ սիրո համար չեմ գնում Փարիզ,
բայց, Աստված իմ, լսելով քո ականջ շոյող բառերը, որ հաստատ չէի համարի ամենօրյա ու սովորական, ես սիրահարվեցի քեզ մի քանի րոպեում`
Շառլ դը Գոլ օդանավակայանից  Իվ Սեն Լորան փողոց ընթանալիս,
ու ժամանակ չունեցա մտածելու` կսիրեիր  արդյոք դու ինձ,
ու ժամանակ չունեցա կարելի-չի կարելին գիտակցելու,
ու ժամանակ չունեցա տուն զանգել- ասելու  որ հասել եմ,

3Mar/103

ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ / Շախմատային նովել

Hello Karen, is everything OK?
(sms)

- Դա նման էր լինել-չլինելուն,  ինչպես ամեն ինչը,  ոչ ոք չգիտեր, որ նա կա, բայց կար, այդպես Աստծո հետ է լինում. ոչ ոք չգիտի, որ նա կա, բայց հիմա  խոսում է, համոզված եղիր, ծխելու բան ունե՞ս, ես թունդ ծխախոտ եմ սիրում:Ծերուկին սլիմս հյուրասիրեցի, դժգոհեց, բայց ճար չուներ, վերցրեց ու միանգամից վառեց այն: Գիտե՞ս, ես աղմուկ չեմ սիրում, ներվային մարդ եմ, ինձ լռություն է պետք, որպեսզի հաշվեմ քայլերս: Իսկական ձայնը լռության ներսից է գալիս, դատարկությունից, սևից, զրոյից. զգույշ է գալիս, լուցկու հատիկներ վառելով, ուշադիր պիտի լինես, որ որսաս, պինդ բռնես, ինչպես  արմունկիդ կանգնած ճանճին, չկասկածես, եթե հաջողացրիր, նա երբեք չի խաբի քեզ, դու կրկին կլսես ձայնը, որը հնչում էր, բայց  չէիր լսում և դրանից հետո միայն  կկատարես քո հռչակավոր քայլը:

Ծերուկը լռեց: Նրա` հաստ շրջանակներով ու մեծ ոսպնյակներով ակնոցը կախվել էր արևից կլպված սուր քթին: Սարյանի այգում անցուդարձ  էր, նստարանները լիքն էին մարդկանցով: Նա շագանակագույն տաբատի գրպանից հանեց անլվա, ճմրթված թաշկինակը, ձեռքով մի քանի անգամ տրորեց, փափկացրեց, հետո ողջ եռանդով ու բծախնդրորեն անցավ քթին. ներսի պարունակությունը քամեց, դատարկեց մեջը,  թաշկինակը մի քանի տակ կոլոլեց ու նորից խոթեց գրպանը:

19Feb/102

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ

[Այսօր լրանում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 141-ամյակը]
* * *

Անց կացա՜ն...
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:

* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

1890
----------------------------------------------------

16Feb/1018

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Թե ինչպես «ԱՆՀԵՏԱՑԱՎ» բանաստեղծությունը

«Գրական թերթ», 1970, 6 նոյեմբերի

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ հայ ժողովրդի մշակույթի վիճակը, եթե մենք մյուս ազգերից փոխ չառնեինք ջութակը: Եվ երբ այժմ ջութակը կատարում է կոմիտասյան «Կռունկը», մենք ասում ենք` չկա ավելի ազգային բան, քան սա: Եվ բոլորովին չենք հիշում, որ ջութակը հայկական, ուրեմն նաև ազգային գործիք չէ:

Ոչ ոք չի կարող պնդել, որ հայերն են գրել առաջին բանաստեղծությունը: Ուրեմն սխալ կլիներ նաև կարծել, որ բանաստեղծություն գրելը ազգային երևույթ է: Վերցրե՞լ ենք ուրիշից. ճիշտ ենք արել:

Գազել հորինելու մասին չի մտածել և ոչ մի հայ: Հայ քերթության համար սա բավականին օտար կառուցվածք է: Ուրեմն, ինչպե՞ս վարվենք Եղիշե Չարենցի և Վահան Տերյանի գազելների հետ: